Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը կանչվել է Բելառուսի ԱԳՆ:
Հանդիպման ընթացքում նրան բողոքի նոտա է հանձնվել, որում բելառուսական կողմը բողոք է հայտել՝ կապված Ուկրաինայի պատասխանատու մարմինների գործողությունների հետ, Ինտերֆաքսին հղումով գրում է Panorama.am-ը:
Խոսքը հայ ուղևորի հետ կապված միջադեպի պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության՝ Կիև-Մինսկ չվերթի ինքնաթիռի հարկադիր վերադարձի մասին է:
Բելառուսի ԱԳՆ նոտայում նշված է, որ «բելառուսական կողմը ներողություն և բոլոր ֆինանսական ծախսերի փոխհատուցում է պահանջում, որոնք առաջացել են ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»:
Բելառուսի ԱԳՆ նաև հանձնարարել է Կիևում իր դեսպանին բողոքի նմանատիպ նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ-ին:
Հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» ինքնաթիռը, ուկրաինացի ավիակարգավարի պնդումով ստիպված է եղել Կիևի օդանավակայան վերադառնալ: Անձնակազմին ասվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում կործանիչներ օդ կբարձրացվեն:
15:55-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում: Ուկրաինայի իրավապահ մարմիններն ինքնաթիռից իջեցրել են 1 ուղևորի, որը ՀՀ քաղաքացի է:
Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահ մարմիններն ազատ են արձակել ուղևորին, որի համար ստիպել էին իջեցնել ինքնաթիռը` նա Մինսկ է ուղևորվել նույն օրը երեկոյան 19:00-ին «Բելավիա» ընկերության B2−830 չվերթով: