30 մայիսի 2007 - 17:30 AMT
Ադրբեջանում փակում են հերթական ընդդիմադիր թերթը
Վաղը «Բակի Խեբեր» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի որոշմամբ լույս կտեսնի թերթի վերջին համարը: Թերթի գլխավոր խմբագիր Այդին Ղուլիեւը հայտարարել է, որ տեղյակ չէ` երբ կվերսկսվի «Բակի Խեբեր» թերթի հրատարակումը: Նրա խոսքերով, թերթի կոլեկտիվը ըմբռնումով մոտեցավ թերթի փակմանը: «Նրանք միշտ իմ կողքին էին: Նրանց բացառիկ դեր է պատկանում թերթի հրապարակման գործում, ես հուսով եմ, որ մենք միասին կգտնենք ելքը այս իրավիճակից: Մենք եւս մեկ ընդհանուր նպատակ ունենք` վերականգնել թերթի հրատարակումը»,- հայտնել է նա: «Բակի Խեբեր» թերթը ստիպված է դադարեցնել իր գործնեությունը դատական տուգանքների պատճառով, հաղորդում է Day.az-ը:

Նշենք, որ սույն թվականի մայիսի 18-ին «Բակի Խեբեր» թերթի բանկային հաշիվները ձերբակալվել են:

Հիշեցնենք նաեւ, որ վերջերս ընդդիմադիր ադրբեջանական թերթեր «Ռեալնի Ազերբայջանն» ու «Գյունդելիկ Ազերբայջանը» վտարվել են իրենց զբաղեցրած շինությունից: Վտարման նախաձեռնությունը պատկանում էր Արտակարգ Իրավիճակների Նախարարությանը: Այդ մասին հայտնել է «Գյունդելիկ Ազերբայջանի» գլխավոր խմբագիր Շահվելիդ Չոբանողլուն: «ԱԻՆ-ի ներկայացուիչները պնդում են, որ բարձրահարկի առաջին հարկերը վթարային վիճակում են եւ ամրապնդման կարիք ունեն: Մեզ պարզապես դուրս են շպրտում այն տարածքից, որի վարձը մենք մուծել ենք մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ: Եւ դեռ պարզ չէ, հնարավոր կլինի վերադարձնել մեր փողերը: Եւ մենք չգիտենք` երբ կկարողանանք վերականգնել մեր թերթի հրատարակումը»,- ասել է Շ. Չոբանողլուն: