30 մայիսի 2007 - 17:43 AMT
Christian Science Monitor. «Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ բավականին բարդ հարաբերություններ են»
Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հարաբերությունները, մեղմ ասած, բարդ են: Ինչպես գրում է Նիկոլ Իտանոն Christian Science Monitor թերթում, պաշտոնապես նույնիսկ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Փաստորեն, Հայաստանը տատանվում է Ղարաբաղին որպես ինքնիշխան պետություն եւ որպես իր անքակտելի մաս վերաբերելու միջեւ: «Ղարաբաղի պաշտոնյաները ՀՀ քաղաքացու անձնագրեր ունեն, որովհետեւ ԼՂՀ անձնագրերն արժեք չունեն արտասահմանում»,֊ - գրում է թերթը:
«Պաշտոնապես ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիները չեն ծառայում Լեռնային Ղարաբաղում կամ անվտանգության գոտում: Բայց իրականում հայ երիտասարդներից շատերն իրենց ծառայությունն անցել են Ղարաբաղում»,- պնդում է հոդվածի հեղինակը, նշելով, որ Լեռնային Ղարաբաղն ունի 25֊-հազարանոց կանոնավոր բանակ, ինչը ըստ հեղինակի, իրականությանը չի համապատասխանում` ելնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակից:
Նաեւ նշվում է, որ անցած տարին Ղարաբաղի համար բավականին հաջող էր. Ղարաբաղ է այցելել 4 հազար զբոսաշրջիկ: «Իհարկե, մենք ցանկանում ենք վերջ տալ «ոչ պատերազմ֊, ոչ խաղաղություն» վիճակին: Բայց մենք հասկանում ենք, որ դա երկար ճանապարհ է: Մենք մեր սկզբունքներից չենք հրաժարվի` նույնիսկ 200 տարի հետո: Մենք չափազանց մեծ գին ենք վճարել այս անկախության համար»,- թերթը մեջբերում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերը: