30 մայիսի 2007 - 18:09 AMT
Կոսովոյի խորհրդարանը հայտարարել է պետական խորհրդանիշերի համար մրցույթ
Կոսովոյի ալբանացի առաջնորդները պետական խորհրդանիշներ ունենալու մասին որոշում են ընդունել եւ երեքշաբթի օրը հայտարարել են Կոսովոյի հանրապետության դրոշի եւ պետական այլ խորհրդանիշների համար անցկացվելիք մրցույթի մասին: Մրցույթը պաշտոնապես կհայտարարի խորհրդարանը հունիսի 4-ին, իսկ արդյունքները կամփոփվեն երկու շաբաթից: Պատրաստվելու են նաեւ նոր անձնագրեր: Կոսովոյի քաղաքական առաջնորդներից Վետոն Սուրոյը լրագրողներին ասել է, թե իրենք համաձայնության են եկել, որ ճամփորդական փաստաթղթերը կրեն «Կոսովոյի Հանրապետություն» մակագրությունը եւ առայժմ լինեն առանց զինանշանի, որը կավելացվի ավելի ուշ:

Նույն օրը Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ հանդիպումից հետո Սերբիայի նախագահ Բորիս Թաջիչը հայտարարել է, թե Սերբիան անընդունելի է համարում Կոսովոյի անկախության հարցով քննարկումները:

Կոսովոյի շուրջ 2 միլիոնանոց բնակչության 90 տոկոսը ալբանացիներ են: Նրանք հույս ունեն, որ կհռչակվի Կոսովոյի անկախությունը: Սակայն նրանց արեւմտյան պաշտպաններին հակադրվում է Սերբիայի դաշնակից Ռուսաստանը: Ներկա դրությամբ Կոսովոյում օգտվում են ՄԱԿ-ի անձնագրերից, շատերի մոտ պահպանվել են նախկին Հարավսլավիայի անձնագրերը: 1999 թվականից Կոսովոն որպես պետական խորհրդանիշ ընդունել էր Ալբանիայի դրոշը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: