30 մայիսի 2007 - 19:50 AMT
Լեհաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել եվրաինտերգման փորձով
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի եւ կառավարման նախարար Յանուշ Կաչմարեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ հայ-լեհական հարաբերություններն ակտիվ զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության շրջանակներում: «Հայաստանի համար եվրոպական ուղղությունն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ Եվրամիության հետ փոխգործակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում միության անդամ երկրների հետ եւս երկխոսությունը խորացնելու, գործնականորեն օգտագործելու Եվրոպական հարեւանության քաղաքականության ընձեռած հնարավորությունները»,- նշել է ՀՀ վարչապետը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը դիտարկում է Լեհաստանը` որպես հիմնական գործընկերներից մեկը եւ ձգտելու է ԵՄ անդամակցությամբ պայմանավորված, Լեհաստանի հնարավորություններն օգտագործել եվրոպական կառույցներին առավել սերտ ինտեգրման նպատակով` ակնկալելով նաեւ Լեհաստանի գործուն մասնակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում:

Իր հերթին, Լեհաստանի ՆԳ եւ կառավարման նախարարն իր խոսքում կարեւորելով Հարավային Կովկասում Հայաստանի դերը, նշել է, որ Լեհաստանը սատարում է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ուրախ է ընդլայնվող համագործակցության համար եւ պատրաստակամ` մի շարք ոլորտներում լեհական փորձը ներկայացնելու, այն ներդնելու դեպքում` նաեւ աջակցելու:

Սերժ Սարգսյանի կարծիքով, երկրի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացման ու գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրները կարեւոր են, նպատակահարմար եւ օգտակար է լեհական փորձը` վերոնշյալ ոլորտներում համապատասխան բարեփոխումների իրականացման նպատակով: Հանդիպման ընթացքում կարեւորվել է աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, որի արդյունքում աշխատանքային խումբը մասնագիտորեն կուսումնասիրի կառուցվածքային, գործառութային եւ մնացած հարցերն ու գործնական աջակցության եւ համագործակցության առաջարկություններով այդ ամենը կներկայացնի կողմերին: Սերժ Սարգսյանը խնդրել է այս մոտեցման մասին տեղեկացնել Լեհաստանի վարչապետին, եւ իր գործընկերոջ կողմից եւս հավանության արժանանալուց հետո, այն կյանքի կոչել, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: