1 հունիսի 2007 - 21:36 AMT
Բաքուն շարունակում է պնդել Ղարաբաղի հարցի կարգավորումը միայն «երկրի ամբողջականության սկզբունքով»
«Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է. Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն երկրի ամբողջականության սկզբունքով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո կենտրոնի ղեկավար Հազար Իբրահիմը:
«Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Քանի դեռ ադրբեջանական եւ հայկական համայնքները չկարողանան ապրել միասին խաղաղ պայմաններում, ծանր կլինի խոսել ինչ-որ ինքնավար կարգավիճակի որոշման մասին»,- ընդգծել է Հազար Իբրահիմը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Associated Press-ին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «կողմերը պայմանավորվել են հայկական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանների վերադարձի հարցով»: Մինչ դեռ, ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, PanARMENIAN.Net-ին հայտնել է, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ակնհայտ է եւ անկախ նրանից, թե ով է նմանատիպ հայտարարություններ անում եւ անկախ նրանից, թե ինչպես են մեկնաբանում բանակցությունների ընթացքը, մենք միայն կարող ենք կրկնել այն, ինչ արդեն բազմիցս ներկայացվել է մեր կողմից: «Մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակացումը, եւ առանց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման ամբողջական ամրագրման եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ անխափան աշխարհագրական կապի ապահովման, հայկական կողմը չի պատրաստվում խոսել երրորդական հարցերի շուրջ»,- ընդգծել է Կարապետյանը: