2 հունիսի 2007 - 15:31 AMT
Պատրիկ Դեւեջյանը ընտրվել է ֆրանսիական Օ-Դե-Սեն-ի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ղեկավար
Պետության նախագահի պաշտոնում Նիկոլա Սարկոզիի ընտրվելուց հետո Ֆրանսիայում իշխող Ժողովրդական շարժման միություն կուսակցության խորհրդի գլխավոր քարտուղար դարձավ նախագահի մերձավոր զինակից Պատրիկ Դեւեջյանը, ով նաեւ ընտրվել է ֆրանսիական Օ-Դե-Սեն-ի (Վերին Սենա) դեպարտամենտի գլխավոր խորհրդի ղեկավար: Ինչպես հաղորդում է «Ֆիգարո» թերթը, շաբաթ օրը նա պաշտոնապես կանցնի իր պարտականությունների կատարմանը` այստեղ եւս փոխարինելով վարչության խորհրդի նախկին ղեկավար Նիկոլա Սարկոզիին:

Դեւեջյանը` Փարիզին մոտ գտնվող քաղաքներից մեկի Անտոնիի խորհրդականը, ընտրվել է մայիսի 29-ին Օ-Դե-Սենի գլխավոր խորհրդի կողմից բաց քվեարկությամբ: Դեւեջյանն ստացել է 15 ձայն, իսկ նրա երկու հակառակորդները` չորսական: Նանտեր քաղաքում կայացած քվերակությանը մասնակցել են 23 տեղական պատգամավոր` Դեւեջյանի կողմնակիցներ: Ուրբաթ կնշանակվեն նրա տեղակալները, հաղորդում է «Ազգը»: