Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք է սկսվում Հայաստանում:
Միջոցառումների մեկնարկը կտրվի Ա. Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կբացվի կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը ներկայացնող «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 20-ը:
Ցուցադրության բացումից անմիջապես հետո կկայանա համերգ, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները: Միջոցառումների մուտքն ազատ է: Միջոցառումները կազմակերպել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: