1 նոյեմբերի 2016 - 13:37 AMT
Առաջին տպարանի շենքի պայթեցումն իրականացրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` նոյեմբերի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ԱԻ նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «Նորտեխ շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ՝ կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ:

Կարդացեք նաև՝ Դավիթ Հարությունյան. Տպարանի շենքի պայթեցման գործում մի քանի մեղավոր կա