5 հունիսի 2007 - 17:01 AMT
Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովին Ստամբուլում
Հայաստանը ներկայացված կլինի Ստամբուլում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) հոբելյանական գագաթնաժողովին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ խորհրդակցություններ են անցկացվում պատվիրակության կազմի հարցով: «Արդեն կա հրավեր գագաթնաժողովն անցկացնող երկրի` Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից»,- ասել է Կարապետյանը:
ՍՏՀԿ-ն հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 5-ին Յալտայում, որտեղ Ադրբեջանի, Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարները ստորագրեցին Կազմակերպության կանոնադրությունը: Հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է հունիսի 25-ին Ստամբուլում: