7 նոյեմբերի 2016 - 10:51 AMT
Իրաքյան Քրդստանը ՌԴ-ից ռազմական և հումանիտար օգնություն է խնդրել

Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի կառավարության միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆալլահ Բաքիրը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանը խնդրել է ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերել:

Բոգդանովի խորհրդակցությունները Բաքիրի հետ տեղի են ունեցել նոյեմբերի 1-ին: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը կարծիքներ են փոխանակել իրաքյան խնդիրների շուրջ, քննարկել են պայքարը հակաահաբեկչական սպառնալիքի դեմ Մոսուլում, ինչպես նաև Իրաքյան Քրդստանում իրավիճակի զարգացման շուրջ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Բաքիրը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից, նա ասել է. «Այո, մենք նման աջակցություն ենք խնդրել, քանի որ այժմ հակազդեցությունն ահաբեկչությանը կրիտիկական կարևորություն է ստացել», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք խնդրել ենք աջակցել քրդական «փեշմերգա» ջոկատներին…Մենք նաև հումանիտար աջակցություն ենք խնդրել Քրդստան այլ շրջաններից եկած փախստականների համար»,-ասել է Բաքիրը:

«Մոսկվան հայտարարել է, որ կուսումնասիրի խնդրանքները և կաշխատի օգնել»,-ասել է նա:

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Մոսուլում պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի` օդային գրոհների ժամանակ նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով: Այդ մասին ասել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռավին Շամդասանին: Իրաքյան բանակը գրոհում է ահաբեկիչների դիրքերը Մոսուլում: Վերջին տվյալների համաձայն, նրանց հաջողվել է դուրս մղել գրոհայիններին քաղաքի 6 շրջանից, ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրում:

2014-ից ԻՊ հսկողության տակ գտնվող Մոսուլի գրոհը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերի 16-ին: Մարտական գործողություններին մասնակցում են Իրաքի կառավարական զոքերը, քուրդ զինվորները «փեշմերգա» խմբավորումներից, ինչպես նաև շիա և սուննի կամավորականները` ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ: