7 նոյեմբերի 2016 - 11:34 AMT
Տպարանի շենքը քանդած ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող «Ղարիբյան Շին» ՍՊԸ-ի կողմից հոկտեմբերի 27-ին իրականացված պայթեցման աշխատանքներից առաջացած շինարարական աղբը «Դավաս» ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման և Նուբարաշենի քաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վարույթը հարուցվել է ՀԹՎՆՎ և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 31.10-04.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 470.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 543.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նոյեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «Նորտեխ շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: