9 նոյեմբերի 2016 - 18:43 AMT
«ՍՋՍ» ՍՊԸ-ն նախատեսում է ՀՀ-ում զենք արտադրել. Կառավարությունը լիցենզիա կտրամադրի

ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ին կայանալիք նիստում քննարկվելու է «ՍՋՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը երեք տարի ժամկետով զենքի արտադրության (խոցման միջոցներից ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր) լիցենզիա տալու հարցը՝ 3 տարի ժամկետով:

«ՍՋՍ» ՍՊԸ-ն նախատեսում է ծավալել զենքի արտադրության գործունեություն:

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը:

Որոշման նախագծի ընդունումով կկարգավորվեն ընկերության և Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերը և այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:

«ՍՋՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի արտադրության լիցենզիա տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: