10 նոյեմբերի 2016 - 14:36 AMT
Պայթյուն է որոտացել թուրքական Մարդինում

Թուրքիայի հարավարևելյան Մարդին գավառի Դերիկ քաղաքում նոյեմբերի 10-ին պայթյուն է որոտացել, հայտնում է Reuters-ը: Պայթյունը տեղի է ունեցել տեղի վարչական շենքի մոտ, վիրավորվել է քաղաքի վարչակազմի ղեկավարը:

Պատահարի վայր են մեկնել ոստիկանության և «շտապ օգնության» մենքենաները, պարզվում են պատահարի հանգամանքները:

Նույն օրը Վանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները, որի գործունեությունն արգելված է Թուրքիայում, միկրոավտոբուս են գնդակոծել: Արդյունքում 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է, գրում է Haqqin.az-ն Anadolu-ի վրա հղումով: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Զինյալների որոնման գործողություն է սկսվել:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։