11 հունիսի 2007 - 17:15 AMT
Պենտագոնը Իրանին հարված հասցնելու ծրագիր է մշակել
Պենտագոնը Իրանին հարված հասցնելու ծրագիր է մշակել: Այդ մասին The Jerusalem Post.-ին են հաղորդել ամերիկյան բանակի բարձրաստիճան սպաներ, որոնք չեն հայտնել իրենց անունները: Նրանք հաստատել են նաեւ, որ ռազմական ղեկավարությունը լիովին սատարում է Բուշին` թույլ չտալու համար Թեհրանին միջուկային զենք ստեղծել: Բանակային միջավայրում համոզվածություն կա, որ նախագահ Բուշը վճռական գործողություններ կձեռնարկի, ներառյալ միջուկային արդյունաբերության օբյեկտների ռազմական ոչնչացումը, մինչ իր իրավասությունների ժամկետի ավարտը:

Պենտագոնում աղբյուրները հաղորդել են նաեւ հնարավոր ռազմական գործողության որոշ մանրամասներ: Ըստ նրանց, հիմնական դերը կտրվի ԱՄՆ ՌՕՈՒ-ին եւ ՌԾՈՒ-ին: Ըստ իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկի, վերջում Իրանը լիովին կշրջափակվի, թույլ չտալու համար նավթի արտահանում:

Վճռական գործողությունների անցնելու անհրաժշետության հետ համաձայն են նաեւ որոշ օրենսդիրներ: Քոնեքտիկուտից սենատոր Ջոզեֆ Լիբերմանը հունիսի 10-ին հայտարարել էր, որ «ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի իրանցիների դեմ լայնածավալ ռազմական գործողության, ստիպելու համար նրանց դադարեցնել ամերիկացիների սպանություններն Իրաքում»:

Մայիսի վերջին Պարսից ծոց ժամանեցին ԱՄՆ ՌԾՈՒ-ի երկու ավիակիր խմբեր զորավարժություններին մասնակցելու համար: