11 նոյեմբերի 2016 - 17:07 AMT
Սահակաշվիլին մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնել Ուկրաինայում

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իր քաղաքական կյանքի նպատակը խորհրդարանի արտահերթ ընտրություններն են: Այդ մասին նա հայտարարել է Կիևում տեղի ունեցած ճեպազրույցում:

«Մեր նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են սեղմ ժամկետում»,-ասել է նա, հայտնում է Apsny.ge-ն:

«Ուզում եմ ասել, որ մենք նոր քաղաքական ուժ ենք ստեղծում: Մեր նպատակն է փոխել այսպես կոչված էլիտաները, որոնք ղեկավարում են կառավարությունն ու խորհրդարանը»,-ասել է նա:

«Մենք չենք ընդունի ոչ մեկի, ով մեկ ժամկետից ավելի է անցկացրել խորհրդարանում, ով 2 տարուց ավելի է աշխատել պետական մարմիններում, չեն լինի այլևս գործարարներ»,-ասել է Սահակաշվիլին:

Նոյեմբերի 7-ին Սահակաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տվել Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից: «Ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել»,-ասել է նա ճեպազրույցում: «Ես հոգնել եմ, ինձ այսքան դեռ ոչ ոք չէր խաբել, առավել ևս այսքան ցինիկաբար»,-ասել է նա` հասկացնելով, որ մտադիր չէ հեռանալ երկրի քաղաքական դաշտից: