12 հունիսի 2007 - 14:51 AMT
ԵՍԶՈՒՊ երկրների արտակարգ կոնֆերանսում Հայաստանը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանը
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի` ԵՍԶՈՒՊ մասնակից պետությունների արտակարգ կոնֆերանսի աշխատանքներին, որն ընթանում է Վիեննայում հունիսի 12-ի15, մասնակցում է նաեւ ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

Կոնֆերանսի նախօրեին Բելառուսի ԱԳՆ-ն, որը նախագահում է ՀԱՊԿ-ում, տարածել էր այդ կազմակերպության մասնակից երկրների հայտարարությունը, հաղորդում է ԲելՊԱՆ-ը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ելնում են նրանից, որ Եվրոպայում սպառազինությունների հետ կապված ներկա իրավիճակը չի համապատասխանում մայրցամաքում կայունության ապահովման շահերին: Այդ կապակցությամբ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը հուսով են, որ արտակարգ կոնֆերանսի անցկացումը սկիզբ կհանդիսանա լուրջ բանակցությունների համար ԵՍԶՈՒՊ-ի բոլոր մասնակից երկրների մասնակցությամբ` նրա կենսունակությունը վերականգնելու նպատակով:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին Փարիզում: Մասնակից երկրները 30-ն են: ԵՍԶՈՒՊ նորացված տարբերակը ստորագրվել է 1999 թվականին Ստամբուլում: Վավերացվել է միայն չորս երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի կողմից: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են ստորագրել պայմանագիրը, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը Վրաստանից եւ Մերձդնեստրից: