
Նոյեմբերի 12-ին մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ է անցկացվում: Ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի, վերջինիս գլխավորած պատվիրակության անդամների, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում:
Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգվող հանգստի գոտին ծառատունկի ժամանակ համալրվել է նոր տնկիներով:
Մարգարյանի խոսքով, վերջին տարիներին մայրաքաղաքում բարեկարգվել ու ստեղծվել է մոտ 50 հեկտար կանաչ ու ծաղկապատ նոր տարածքներ, զբոսայգիներ և պուրակներ: Անդրադառնալով մայրաքաղաքում ծառատունկերի կազմակերպմանը՝ քաղաքապետ քաղաքապետն ընդգծել է, որ այն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում, որպեսզի ապահովվի անհրաժեշտ կպչողականություն:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային, և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում մոտ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում: Այս ծառատունկի շրջանակում նախատեսում ենք ևս 20 հազարը տնկել», - ընդգծել է քաղաքապետն ու վստահեցրել, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ բոլոր աշխատանքները լինելու են շարունակական:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների խնդրին՝ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ դատապարտում է այդ երևույթն ու նկատել, որ դրանք կատարողները պետք է խստորեն պատժվեն: Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում ընթացք է տալիս գրանցված յուրաքանչյուր դեպքին՝ դրանք փոխանցելով ինչպես Բնապահպանական պետական տեսչությանը, այնպես էլ Երևան քաղաքի դատախազությանը: