15 հունիսի 2007 - 15:08 AMT
ՆԱՏՕ-ն անարդյունավետ է համարում Գաբալայի ՌԼԿ-ն
ԱՄՆ-ն շարունակում է իրականացնել Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության տարրերի ծավալման իր ծրագիրը, հակառակ ՌԴ առաջարկին` սառեցնել այդ նախագիծը, փոխարենը համատեղ օգտագործելով Ադրբեջանի տարածքում գտնվող «Դարյալ» տիպի Գաբալայի ՌԼԿ-ն, գրում է Բաքվի «Էխո» թերթը: Ինչպես երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապպաթուրայը Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում Բրյուսելում կայացած քննարկումների ավարտին, չի կարելի մերժել հնարավոր տարբերակներից եւ ոչ մեկը: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ում կարծում են, որ ՌԼԿ-ն չափազանց մոտ է վտանգի պոտենցիալ աղբյուրին` Իրանին, ուստի եւ այդ կայանի միջոցով հրթիռային հարվածների հակազդեցության ապահովումն անարդյունավետ կլինի:
Ընդ որում հատուկ ընդգծվում է, որ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերի ծավալման ծրագրի օգտին հանդես եկան Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 26 անդամները: Նշենք, որ Բրյուսելում կայացած Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի նիստն անցնում է ՆԱՏՕ-ի երկրների եւ ռազմաքաղաքական դաշինքի պետությունների պաշտպանության նախարարների մասնակցությամբ: