15 հունիսի 2007 - 18:59 AMT
Թուրք գիտնականները ողջունում են նոբելյան մրցանակակիրների նախաձեռնությունը, որոքն համագործակցության կոչ են արել հայերին ու թուրքերին
Թուրք գիտնականները ողջունում են 53 Նոբելյան մրցանակի մրցանակակիրների նախաձեռնությունը, որոքն կոչ են արել հայերին ու թուրքերին կապեր հաստատել, համագործակցել եւ հանդուրժողականություն հաստատել ժողովրդների միջեւ: Պատասխան նամակում, որը ստորագրել են 86 գիտնականներ, գրողներ եւ պաշտոնաթող դիվանագետներ, ընդգծվում է, որ այդ կոչը Թուրքիայի կողմից դիտվում է որպես «մի դուռ, որ ճանապարհ է բացում թուրքերի եւ հայերի միջեւ երկխոսության համար»: «Այդ նախաձեռնությունը կնպաստի խաղաղության կուլտուրայի ստեղծմանը, որն իր պտուղները կտա ապագայում: Մենք հայտարարում ենք, որ մեր կողմից պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել եւ մեր ներդրումն ունենալ վերջ տալու համար այս իրավիճակին: Հայերն ու թուրքերը միասին են ապրել Օսմանյան կայսրությունում եւ դա անհնար է հերքել: Մեր ժողովուրդները ընդհանուր մշակութային արժեքներ ունեն: Մենք կարծում ենք, որ այդ արժեքները կարող են հիքմ ծառայել ապագա հարաբերությունների զարգացման համար: Թուրքիան 1915 թվականի ողբերգական իրադարձությունները չի գնահատում որպես ցեղասպանություն ըստ 1948 թվականի Կոնվենցիայի: Տարբեր փաստաթղթերի ուսումնաիրսություններից հետո մի քանի թուրք եւ օտարերկրյա ակադեմիկոսներ եկան այն եզրակացության, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն չի եղել: Մենք ցանկանում ենք հայտարարել, որ պատրաստ ենք քննարկել այդ խնդիրը հայ պատմաբանների եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ հանձնաժողովներում: Մենք գտնում ենք, որ երկխոսությունը առաջ ընթանալու միակ ուղին է, մեր խնդիրները լուծելու համար»,-ասվում է թուրք գիտնականների պատասխան նամակում, գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»:

Հիշեցնենք, որ «Էլի Վիզելլի հանուն մարդկության հիմնադրամը» 2007 թվականի ապրիլին հրապարակել էր հաշտության կոչ, ուղղված Հայաստանին եւ Թուրքիային, Նոբելյան մրցանակի 53 մրցանակակիրների ստորագրությամբ: Ակցիայի նախաձեռնողն էր Դեվիդ Ֆիլիպս հիմնադրամի գործադիր տնօրենը, որը նախկինում համակարգում էր հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը: