15 հունիսի 2007 - 21:23 AMT
ԵՄ-ն հուսով է, որ Ղարաբաղի հարցով փոխադարձ փոխզիջումը կգրանցվի մինչ Հայաստանի նախագահական ընտրությունները
Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ գործընկերներ են հանդիսանում Եվրամիության համար եւ այդ պատճառով ԵՄ-ն չափազանց շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Եվրամիությունը հիասթափված է նրանով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սանկտ-Պետերբուրգում համաձայնության չեն եկել: «Սակայն մենք հուսով ենք, որ կողմերը կհավաքեն ուժերը եւ մոտ ամիսներին` մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները, կկարողանան փոխադարձ փոխզիջման գնալ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ երկար է ձգվում, եւ երկու երկրներում էլ մի ողջ սերունդ է մեծացել, որը տեղյակ չէ հարեւաններից: Եւ եթե նույնիսկ տեղյակ է, ապա միայն բացասական: Ներկա իրավիճակի շարունակությունը հղի է բարդություններով, անգամ ռազմական գործողություններով: Այդ պատճառով ԵՄ-ն պատրաստ է օգնել երկրների միջեւ վստահության վերականգնման հարցում, որը վերացել է վերջին 15 տարիների ընթացքում»,- նշել է Սեմնեբին: Միեւնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչը գտնում է, որ իրավիճակը չի հայտնվել փակուղում, որովհետեւ բանակցային գործընթացը չի դադարեցվել: