Նոյեմբերի 16-ից 19-ը Բելգիայում մի շարք միջոցառումներ էին նախատեսված՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության 25 ամյակին, որոնք, սակայն տեղի չեն ունեցել: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պարզաբանեց, որ նախապես ծրագրված այցը չեղարկվել է, քանի որ երկրում զորավարժություններ էին ընթանում, և ավելի նպատակահարմար և առաջնային էր, որ երկրի նախագահն ու բանակի գերագույն գլխավոր հրամանատարը չբացակայի հանրապետությունից:
«Միջոցառումներն իրոք ծրագրված էին: Բայց դրանց չեղարկումը ոչ մի կապ չունի ադրբեջանական «փայլուն, մտածված, պաշտանմունքի կոթող դարձած» դիվանագիտական աշխատանքի հետ: Պարզապես հանգամանքների բերումով այս պահին ավելի կարևոր էր, որ երկրի ղեկավարը լինի Արցախում»,- նշեց Բաբայանը:
Նոյեմբերի 19-ին ադրբեջանական լրատվական կայքերը հայտարարել են, թե Բելգիայում նախատեսված՝ Արցախի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումներն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը չեղարկվել է ադրբեջանական դիվանագիտության և դեսպանության աշխատանքի շնորհիվ: Նշվում էր, թե Բելգիայում Ադրբեջանի դեսպանությունն իր բողոքն է արտահայտել միջոցառումների անցկացման հետ կապված, ինչից հետո Բելգիայի ԱԳՆ-ն չեղարկել է դրանք: