18 հունիսի 2007 - 15:45 AMT
Ուղիղ 20 տարի առաջ, 1987 թվականի հունիսի 18-ին Եվրախորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ուղիղ 20 տարի առաջ, 1987 թվականի հունիսի 18-ին Եվրախորհրդարանը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին խոշոր միջազգային ինստիտուտը` ընդունելով «Հայկական հարցի քաղաքական լուծման ուղիների մասին» բանաձեւը: Այդ կարեւոր իրադարձության կապակցությամբ Եվրոպայի հայկական դաշնությունը հայտարարել է, որ 2007 թվականի հոկտեմբերի 15-16-ին Եվրախորհրդարան կներկայացվի Եվրոպայի հայերի երկրորդ կոնվենցիան:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել EAFJD-ում, այդ պատմական իրադարձությունից քսան տարի անց եւ Հայաստանի անկախացումից 15 տարի անց Կոնվենցիան կմիավորի Եվրոպայի հայկական կազմակերպություններին եւ Եվրոպայի բոլոր կողմերից ականավոր գործիչներին` քննարկելու համար Եվրոպայի հայկական համայնքների ներկայիս քաղաքական առաջնայնությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի եվրոպական նկրտումները, որը հետապնդում է իր երկրում ազգային փոքրամասնություններին, շարունակում է Հայաստանի շրջափակումը, ինչպես նաեւ ղարաբաղյան գործընթացը, հարեւանության եվրոպական քաղաքականությունը եւ խաղաղության ու կայունության հեռանկարները Հարավային Կովկասում:
«Եվրոպայի առաջնորդները պետք է նկատի ունենան, որ քսան տարի անց Թուրքիան չնչին առաջընթաց անգամ չի գրանցել: Լինելով ժամանակակից Եվրոպայի քաղաքացիներ, մենք երախտապարտ ենք այն եվրոպացի խորհրդարանականներին, որոնք 1987 թվականին քվեարկեցին բանաձեւի օգտին եւ Եվրախորհրդարանն ուղղորդեցին դեպի եվրոպական արժեքների էթիկայի չափանիշների պահպանումը»,-հայտարարել է EAFJD նախագահը: