18 հունիսի 2007 - 16:38 AMT
Կոսովոյի խնդրի լուծումը կարող է ոչ թե նախադեպ, այլ «պատուհան» դառնալ այլ հակամարտությունների լուծման համար
«Հակամարտությունների կարգավորման շահագրգիռ կողմերի ընդունած ցանկացած հռչակագիր ենթադրում է այն միջազգային կազմակերպություններում առաջ տանելու գործողություններ»,-ԱՊՀ չճանաչված պետությունների նախօրեին Տիրասպոլում ընդունած հռչակագրի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանելով ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Կոսովոյի խնդրի լուծումը չի կարող նախադեպ հանդիսանալ մեկ այլ հակամարտության կարգավորման համար: Այլ հարց է, որ Կոսովոն կարող է «պատուհան» դառնալ այլ հակամարտությունների լուծման համար: Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչու Կոսովոյի ալբանացիներին կարելի է անջատվել, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերին` ոչ:

Հիշեցնենք, որ չորս չճանաչված պետությունների` Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունները շաբաթ օրը Տիրասպոլում ստորագրել են «Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում հակամարտությունների խաղաղ եւ արդարացի կարգավորման սկզբունքների մասին հռչակագիրը»: