18 հունիսի 2007 - 18:42 AMT
Լիտվան առանձնակի ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին
Լիտվան առանձնակի ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին, հայտարարել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: «Մի կողմից մենք տեսնում ենք այստեղ Եվրոպայի եւ եվրաատլանտյան կառույցների ուղղությամբ շարժվելու մեր սեփական փորձի արտացոլումը: Մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ այդ տարածաշրջանը շատ կարեւոր է ողջ Եվրոպայի անվտանգության եւ կայունության տեսակետից: Հարավային Կովկասը մենք պատկերացնում ենք որպես բարգավաճ տարածաշրջան, ուղղորդված դեպի Եվրոպան եւ լավ հարաբերություններով հարեւանների հետ»,-նշել է նա:

Պատասխանելով ՎՈՒԱՄ երկրների հետ Լիտվայի հետագա համագործակցության մասին հարցին` Վ.Ադամկուսը հայտարարել է. «Մենք ողջունում եւ հավանություն ենք տալիս Ադրբեջանի,Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի որոշմանն, ուղղված տարածաշրջանում ժողովրդավարության, կայունության, բարգավաճման ամրապնդմանն ու զարգացմանը եւ նրանց որոշումը` սերտորեն համագործակցելու եւ համատեղ ջանքերը համակարգելու վերաբերյալ: ՎՈՒԱՄ երկրների նախաձեռնությունը, տարածաշրջանային կոչերը եւ ընդլայնված հնարավորությունների իրականացումը նրանց իրոք առաջատար է դարձնում տարածաշրջանում: Լիտվան ողջունում է իր ներգրավվածությունը ՎՈՒԱՄ-ի գործունեությանը` մի կազմակերպության, որը լուծում է Լիտվայի եւ ողջ Եվրոպայի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր` ժողովրդավարության ամրապնդում, էներգետիկ անվտանգություն, տրանսպորտային կապի զարգացում, «սառեցված հակամարտությունների» լուծում եւ այլն:

Ավելին, նշել է նա: Լիտվան ուրախ է տեսնել, որ ՎՈՒԱՄ-ի գործունեությունը եւ այդ երկրներում անցկացվող բարեփոխումները ավելի են մերձեցնում ԵՄ-ն եւ ՎՈՒԱՄ-ը: Լիտվան ակտիվորեն պայքարում է, որ ԵՄ-ն բաց լինի ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների քաղաքացիների համար զբոսաշրջության, բիզնեսի եւ տարբեր փոխանակման ծրագրերի միջոցով: