22 նոյեմբերի 2016 - 16:48 AMT
Թրամփը խոստանում է սահմանափակել պետկարգավորումը, արգելել լոբբինգը, դուրս գալ ԱԽԳ-ից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր տեսաուղերձում հրապարակել է այն առաջնահերթ քայլերը, որոնք ձեռնարկելու է ստանձնելով պաշտոնը: Ըստ նրա, առաջին հերթին նա կսկսի Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու ընթացակարգը, գրում է BBC-ին:

Ըստ Թրամփի, ԱԽԳ-ն պոտենցիալ աղետ է ԱՄՆ-ի համար: Նա արտահայտվել է երկկողմ առևտրային համաձայնագրերի կնքման օգտին, որոնք պետք է փոխարինեն ԱԽԳ մասին համաձայնագիրը և թույլ կտան ԱՄՆ վերադարձնել արդյունաբերությունն ու աշխատատեղերը:

ԱԽԳ ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 4-ին Օքլենդում (Նոր Զելանդիա): Համաձայնագրին միացել են Ավստրալիան, Բրունեյը, Վիետնամը, Կանադան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, ԱՄՆ-ը, Սինգապուրը, Չիլին և Ճապոնիան:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա համաձայնագրից, այն կզրկվի իմաստից:

Թրամփն ասել է նաև, որ առաջին իսկ օրը կարգադրություն կանի տարբեր ոլորտներում պետական կանոնակարգումը սահմանափակելու վերաբերյալ, կհրահանգի աշխատանքի նախարարությանը վիզաների հարցում չարաշահումների հետաքննություն սկսել, ինչպես նաև կչեղարկի ածխաջրածինների արտադրության սահմանափակումը:

«Այդպիսով ես միլիոնավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր կստեղծեմ»,-ասել է նա:

Ըստ Թրամփի, առաջին հրամանագրերից կլինի նաև կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբերհարձակումներից: Նա նաև հայտարարել է, որ պաշտոնատար անձանց համար լոբբինգի 5-ամյա արգելք կսահմանի ԱՄՆ-ում, և ցմահ` օտարերկրյա պետությունների անունից:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: