20 հունիսի 2007 - 14:18 AMT
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են «Gintarine vitis 2007» զորավարժություններին
Լիտվայի Կլայպեդա նավահանգստում սկսվեցին «Սաթե հույս-2007» զորավարժությունները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Սա արդեն այս շարքի թվով 8-րդ զորավարժությունն է 1997թ.-ից ի վեր, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցող 11 պետություններ. Հայաստան, Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Գերմանիա: Ռուսաստանը, Բելոռուսիան, Մոլդավիան եւ Ուկրաինան ներկայացված են որպես դիտորդներ: Զորավարժությունների հիմնական նպատակն է տարբեր երկրների զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը ՆԱՏՕ-ի` ճգնաժամային իրադրությունների դեպքում հնարավոր հարվածներին, ինչպես նաեւ տարբեր պետությունների միջեւ փոխգործողությունների մշակումը: Զորավարժությունը կարեւորվում է նա- նրանով, որ առաջին անգամ կհամագործակցեն զորքերի բոլոր տեսակները. հետեւակ, օդուժ եւ նավատորմ: Զորավարժության մասնակիցները (ավելի քան 1800 մարդ) կբաժանվեն երեք բազմազգ գումարտակների, որոնց կգլխավորեն Լիտվայի, Ֆինլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները: Զորավարժությունները շարունակվելու են երկու շաբաթ եւ անցկացվելու են երկու փուլով. առաջին փուլում կմշակվեն գործողություններ խաղաղության պահպանման ուղղությամբ (տեղանքի հետախուզություն, հենակետեր, զինված խմբավորումների վնասազերծում եւ այլն), իսկ երկրորդ փուլում` հունիսի 25-ից 29-ը, կցուցադրվեն զորավարժության ընթացքում ձեռք բերված գիտելիքները եւ հմտությունները:

Այս զորավարժություններին առավել շատ թվով մասնակիցներ են ներկայացրել Լիտվան (1200 մարդ), Ֆինլանդիան (շուրջ 300 մասնակից), Մեծ Բրիտանիան (165 մարդ), Լատվիան (120 մարդ) եւ Լեհաստանը (60 մարդ): Հայաստանի զինված ուժերը ներկայացնում են մայոր Մկրտիչ Մինասյանը եւ կապիտան Ռուբեն Պապյանը: Զորավարժությունները կավարտվեն հուլիսի 1-ին: