
Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ համաժողովին Հայաստանի առաջարկած դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածությանը ոչ բոլոր կողմերն էին համաձայն: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը:
«Երևանում կայացած համաժողովին չեղավ կոնսեսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, այդ պատճառով դա հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Լինելու է հատուկ այդ նպատակով հրավիրված նիստ և մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիան պիտի լինի ըստ ռուսական այբուբենի և հաջորդը Հայաստանն է:
Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել էր, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում այդ հարցը չի քննարկվել նախագահներից մեկի բացակայության պատճառով: «Քանի որ այդ հարցը պետք է լուծվի բոլոր նախագահների մասնակցությամբ, որոշվեց, որ անդամ երկրների նախագահները կհանդիպեն դեկտեմբերին, և այն ժամանակ արդեն, երբ ներկա կլինեն Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամները, վերջնական որոշում կկայացվի»,-նշել էր Բորդյուժան:
Ընթերցեք նաև. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա տարեվերջին Ռուսաստանում