21 հունիսի 2007 - 15:03 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւին աջակցում են 202 կոնգրեսականներ
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւին աջակցում են 202 կոնգրեսականներ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Ջորջիա, Հավայներ, Միսիսիպի եւ Նյու Յորք նահանգներից ընտրված օրենսդիրները հանդես եկան բանաձեւի աջակցությամբ, հասցնելով աջակցող կոնգրեսականների ընդհանուր թիվը 202-ի: «Մենք ողջունում ենք երկկուսակցական Կոնգրեսի աճող աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հանդեպ: Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսականներից յուրաքանչյուրի աջակցությունը եւ անհամբեր սպասում ենք նրանց հետ աշխատանքի մեկնարկին, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Բանաձեւի հեղինակ, Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով, 200 ձայնը կարեւր նշաձող է եւ վկայում է, որ Կոնգրեսի անդամները վստահ են, որ ավելի քան մեկուկես միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց բարոյական պարտքն է: