21 հունիսի 2007 - 16:02 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են ՀՀ-ում ռուսական ռազմակայանի սոցիալ-տնտեսական խնդիրները
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է ԱՊՀ մասնակից երկրների մինչեւ 2010 թվականը ռազմական համագործակցության կոնցեպցիայի իրականացման, ինչպես նաեւ ՀՕՊ միացյալ համակարգի հետագա կատարելագործման, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական ուղղություններով միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հարցը: Ինչպես PanARMENIAN.Net-ն է հաղորդել ՀՀ ՊՆ նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա էր մեկնել ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Մոսկվա կատարած այցի շրջանակներում Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի պաշտպանության նախարարների հետ: ՌԴ պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող հարցերին, մասնավորապես` ռուսական 102 -րդ ռազմակայանի սոցիալ-կենցաղային խնդիրներին: Ղազախստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության սկզբնավորման պայմանագրա-իրավական բազայի ստեղծմանը վերաբերող հարցեր: