23 հունիսի 2007 - 14:53 AMT
Սան-Ֆրանցիսկոյի քաղաքագլուխը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի խոսնակին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
Սան-Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Գեւին Նյուսոմը նամակ է ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խասնակ Նենսի Փելոսիին, որում կոչ է արել նրան աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Սան-Ֆրանցիսկոն մտնում է 8-րդ ընտրատարածք, որից ընտրվում էին Փելոսին եւ ով միշտ կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես նամակ եմ գրում ի աջակցություն 106-րդ բանաձեւի: Սան-Ֆրանցիսկոյի մեծ հայկական համայնքի հետ ես հպարտ եմ իմ անունն ընդգրկել բանաձեւի ընդունման կողմնակիցների շարքում»,- ասվում է նամակում:

Քաղաքապետ Նյուսոմը նամակում նաեւ հիշատակել է Հրանտ Դինքի սպանությունը, ում «ստիպել են լռել, քանի որ դեմ էր Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը, որը կայանում է Հայոց ցեղասպանության հերքման մեջ»: «Հրանտ Դինքի հիշատակը հարգելու լավագույն միջոցը ԱՄՆ Կոնգրեսի կողմից 106-րդ բանաձեւի ճանաչումն է»,- ընդգծել է Սան-Ֆրանցիսկոյի քաղաքապետը:

Գեւին Նյուսոմը նշանակվել է Սան-Ֆրանցիսկոյի Հոգաբարձուների խորհրդի անդամ 1997 թվականին: 2004 թվականին ընտրվել է քաղաքապետ եւ միշտ աջակցել է ԱՄՆ-ի հայ համայնքին:

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ 106-րդ բանաձեւի ընդունմանն աջակցում են 202 կոնգրեսական եւ 31 սենատոր: Բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ է կոնգրեսականի 218 եւ սենատորի 51 ձայն: