26 հունիսի 2007 - 14:28 AMT
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծապես համապատասխան էին ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին
Երեկ Ստրասբուրգում բացված Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում հրապարակվել է հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետի պատրաստած զեկույցը` մայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարական ընտրությունների դիտարկման վերաբերյալ: Ըստ այդմ` հայաստանյան խորհրդարանական ընտրությունները «անցկացվեցին մեծապես համապատասխան Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների եւ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»:

«Թերություններ, սակայն, մնում են», - ասված է զեկույցում: - «Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ ընտրական գործընթացների այլ մասնակիցները ցուցաբերեցին քաղաքական կամք` անդրադառնալու նախորդ թերություններին եւ բարելավելու այս ընտրությունների անցկացումը, թեեւ որոշ խնդիրներ մնում են չլուծված»,- նշել է Պլատվոետը:

Զեկույցում նշվում է, թե «ցավալի է, որ թերությունները եւ անճշտությունները, որոնցից որոշները լուրջ էին, դիտարկվել են «ձայների հաշվարկի վճռորոշ ընթացքում», ինչը «ստվերում է նախնական դրական գնահատականը»:

«Հայաստանի անկախացումից ի վեր «ոչ մի ընտրություն չի համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին». - «2007-ի խորհրդարանական ընտրությունները այս առումով փորձաքար էին` որ ցուցադրվեր Հայաստանի քաղաքական ցանկությունը` կազմակերպել իրապես ժողովրդավարական ընտրություններ»: Հայաստանյան ընդդիմության մասին նշված է, թե «ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը, կարծես, կորցրել է ժողովրդի աջակցությունը, եւ նրանց դիրքերը, կարծես, թուլացել են այն բանից հետո, երբ որոշեցին բոյկոտի ենթարկել 2005-ի սահմանադրական հանրաքվեն»,- ընդգծվում է զեկույցում:

Նաեւ նշվում է, որ Ընտրական օրենսգիրքը վերին աստիճանի բարդ է եւ պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք, թերեւս, ավելի լավ կկարգավորվեին Կենտրոնական ընրտական հանձնաժողովի որոշումներով: Զեկույցում անդրադարձ կա երկքաղաքացիության խնդրին. - «Այն, որ 2007-ին որոշվեց ընտրություններն անցկացնել միայն Հայաստանի տարածքում, հաշվի առնելով հայկական սփյուռքի չափը, փաստացի զրկում է «հայկական ընտրազանգվածի մեծ մասին քաղաքացիական իրավունքներից»: Այս զեկույցում նույնպես դիտորդները նշել են, որ ընտրական հանձնաժողովների կազմը դեռ նախորդ ընտրությունների ընթացքում «թվում էին ամենախնդրահարույցը` ընտրությունների կազմակերպման անաչառության առումով». - «Ընտրական հանձնաժողովների ղեկավարության մեջ տեղ չեն գտել ընդդիմության ներկայացուցիչները», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ զեկույցի շուրջ քննարկում չի ծավալվել: