Թուրքիան պարտավոր չէ «մշտապես պաշտպանել Եվրոպան տարածաշրջանային սպառնալիքներից, Անկարայի համբերությունը սպառվում է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով:
«Թուրքիան Եվրոպայի անվտանգության ամենամեծ երաշխիքն է ի դեմս տարածաշրջանային սպառնալիքների: Եթե Թուրքիան վերջին 5-6 տարում չդիմակայեր տարածաշրջանային սպառնալիքներին, ապա Եվրոպան չէր կարողանա դիմագրավել դրանց: Սակայն մեր համբերությունն էլ սահման ունի: Մենք պարտավոր չենք պաշտպանել Եվրոպան տարածաշրջանից բխող սպառնալիքներից»,-ասել է Յըլդըրըմը` ելույթ ունենալով Անկարայում թուրք արդյունաբերողների և ձեռներեցների ասոցիացիայի խորհրդի նիստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:
Վարչապետն ասել է նաև, որ Եվրոպայում աճում է այլատյացությունը և իսալամաֆոբիան: «Եվրոպայում աճում են ռասիստական տրամադրությունները, աջակողմյանները ամրապնդում են դիրքերը»,-ասել է նա:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը:
11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: