1 դեկտեմբերի 2016 - 17:23 AMT
Վճարովի ավտոկայանատեղերի համար ներդրված ակտիվները կփոխանցվեն համայնքին

Գործադիրն ընդունել է «Գնման պայմանագրեր կնքելու թույլտվություն տալու մասին» որոշում, որը մշակվել է ՀՀ նախագահի մոտ 2016թ. նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում արված առաջարկությունների հիման վրա:

ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանը բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու մինչև 10 տարի ժամկետով կկնքի համապատասխան պայմանագրեր: Որոշման ընդունմամբ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն:

Այսպիսով, որոշմամբ թույլատրվել է Երևանի քաղաքապետին երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների կոնսորցիումի հետ 2013թ. ապրիլի 4-ին կնքված «Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման» համապատասխան պայմանագիրը:

Նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետին առաջարկել էր «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Կարդացեք նաև՝ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնեմասը փոխանցվելու է քաղաքապետարանին