27 հունիսի 2007 - 16:15 AMT
Թե Կիպրոսի, թե Լեռնային Ղարաբաղի պարագայում ազատության ձգտումները հաջողության կհասնեն
Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ փոխնախագահներ Վահան Հավհաննիսյանն ու Իշխան Զաքարյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: «Հայաստանին ու Հունաստանին միացնում է բազմամյա բարեկամությունը եւ հարաբերությունների պատմությունը, որն ամփոփում է ոչ միայն քաղաքակրթական ընդհանրությունները, այլեւ հիանալի հարաբերությունները` իրենց զարգացման հեռանկարներով: Երկու երկրների կառավարություններն ու խորհրդարանները լավ համագործակցում են եւ ես հաստատում եմ Հունաստանի խորհրդարանի նախագահի Հայաստան պաշտոնական այցի հրավերը»,- նշել է Տիգրան Թորոսյանը: Իր հերթին, Հունաստանի նախագահը, որ տարիներ առաջ արդեն եղել է Հայաստանում, իր ուրախությունն արտահայտեց կատարված մեծ փոփոխությունների առիթով: «Երկու պետություններին միացնում են պատմական ու տեւական կապեր` պատմության մեջ կան որոշ իրողություններ, որ երկու ժողովուրդներն անկարող են մոռանալ: Եղելություններ, որ միշտ հիշեցնելու են մարդու իրավունքների ու արժանապատվության հարգման կարեւորությունը»,- նշել է Հունաստանի նախագահը: Նրա կարծիքով, հույն եւ հայ ժողովուրդներն այսօր պայքարում են, որ միջազգային օրենքներով լուծվեն ազգային եւ անձնական իրավունքներին վերաբերող հարցերը: «Այնուհանդերձ, կան ուժեր, որ դասեր չառնելով պատմությունից` ողբերգական նույն սխալները կրկնում են: Մեր ազատասեր ժողովուրդները չեն կարող հանդուրժել ոչ սահմանների փակումը, ոչ երկրի շրջափակումը, ոչ 40.000 զինվորականներին Կիպրոսում` երկիր, որ Եվրամիության անդամ է»,- ընդգծեց Կարոլոս Պապուլիասը` հավելելով, որ հենց այդ պատճառով երկու երկրներն էլ պայքարում են ժողովրդավարական ազատությունների եւ այնպիսի աշխարհի հաստատման համար, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ որտեղ խաղաղություն է տիրում:

Իր հերթին, ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ երկու երկրներին միավորում են ժողովրդավարական արժեքներն ու եվրաինտեգրման ուղղությամբ կատարվող քայլերը: Կարեւորելով մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանությունը` Աժ նախագահը նշեց, որ երբեմն փորձեր են արվում միմյանց հակադրելու Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները: «Բայց կա մեկ ընդհանուր հիմք` երկու ժողովուրդների այդ հատվածների ազատ ապրելու իղձը: Նա վստահություն հայտնեց, որ խնդիրները պետք է քննարկվեն մարդու իրավունքների հարգման տեսակետից եւ լուծումներն էլ այդ հարթությունում պետք է լինեն: Միջազգային բոլոր կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերում մարդկանց ազատ ապրելու եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքը հիմնարար իրավունքներինց է: Թեպետ ոչ բոլորն են դա գիտակցում ու պատմությունից դասեր առնում, պարոն Թորոսյանը վստահություն հայտնեց, որ թե Կիպրոսի, թե Լեռնային Ղարաբաղի պարագայում ազատության ձգտումները հաջողության կհասնեն` մարդու ազատությունների հիմնարար իրավունքի հիմքով»,- ընդգծել է Տիգրան Թորոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: