Ուզբեկստանի նախագահ է ընտրվել Շավկաթ Միրզիյոևը, որը նախագահի պաշտոնակատարն էր: Այդ մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ուզբեկստանի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են դեկտեմբերի 4-ին: Նախկին նախագահ 78-ամյա Իսլամ Կարիմովը վախճանվեց սեպտեմբերի 2-ին:
Ըստ ԿԸՀ-ի, Միրզիյոևը հավաքել է ընտրողների քվեների 88,61 տոկոսը: Արդյունքների հրապարակումից հետո, ընտրված թեկնածուն ելույթ է ունեցել հանրահավաքում և շնորհակալություն հայտնել իր նախկին ընդդիմախոսներին:
ԿԸՀ անդամ Նիկոլայ Նիվիչևը հայտարարել է, որ քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:
Շավկաթ Միրզիյոևը նշանակվել էր նախագահի պաշտոնակատար սեպտեմբերի 8-ին ուզբեկական խորհրդարանի (Մաժիլիսի) Օրենսդիր պալատի և Սենատի համատեղ նիստում: Ավելի վաղ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը`Միրզիյոևը ստանձնել էր վարչապետի պաշտոնը 2003-ին: 2015-ի հունվարին խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա կրկին հաստատվեց կառավարության ղեկավարի պաշտոնում: