18 հոկտեմբերի 2002 - 22:40 AMT
ՄԱԿ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՆԱՁԵՎ, ՈՐՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 133 կողմ եւ երկու դեմ ձայնով ընդունել է բանաձեւ, որն արգելում է պետություններին օգտագործել պետական սահմանները որպես քաղաքական եւ տնտեսական հարկադրանքի միջոց: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները, բանաձեւին դեմ են քվեարկել ԱՄՆ եւ Իսրայելը: Հայաստանը, ինչպես եւ տարածաշրջանի մյուս երկրները, հանդես է եկել տվյալ բանաձեւի ընդունման օգտին: Գլխավոր ասամբլեան դիմել է բոլոր պետություններին` կոչ անելով չկիրառել այնպիսի միջոցառումներ կամ օրենսդրություններ, որոնք պետական սահմանները կարող են օգտագործել ի հակասություն միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքների: Բանաձեւի վերաբերյալ ելույթ ունեցողներն ընդգծել են միջազգային առեւտրի կարեւորությունն ու վստահություն են հայտնել, որ բանաձեւի ընդունումը կնպաստի նրա զարգացմանը: