30 հունիսի 2007 - 15:02 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը հավաքել է կոնգրեսականների անհրաժեշտ 218 ձայնը
Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին եւ ԱՄՆ-ի նախագահի ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթի ժամանակ «ցեղասպանություն» բառն օգտագործելու պարտավորությանը սատարում են Ներկայացուցիչների պալատի 218 անդամներ: Այդպիսով, հավաքվել է բանաձեւի քվեարկության համար անհրաժեշտ կոնգրեսականների քանակը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Մենք ողջունում ենք բանաձեւին աջակցող 218 կոնգրեսականներին եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին եւ նրա գործընկերներին, որոնք օգնեցին մեզ հասնել նման արդյունքի: Մենք հուսով ենք, որ մեր բաժանմունքները արդյունավետ աշխատանք կտանեն, ուղղված բանաձեւին սատարող օրենսդիրների քանակն ավելացնելուն, արագացնելու համար փաստաթղթի ընդունումը»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Իր հերթին բանաձեւի հեղինակ Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ 218 կոնգրեսականներ ցույց տվեցին, որ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: «Այն ժամանակ, երբ դեռեւս կենդանի են Ցեղասպանությունից փրկվածները, մենք գիտակցում ենք մի ողջ ժողովուրդ ոչնչացնելու փորձին անհապաղ ուշադրություն հրավիրելու անհրաժեշտությունը: Պատմության մութ էջերը ճանաչելու մեր մերժումը խոչընդոտում է Դարֆուրում շարունակվող ցեղասպանության դեմ արդյունավետ քայլերին»,-ընդգծել է Շիֆը:
Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատին է ներկայացվել 2007 թվականի հունվարի 30-ին կոնգրեսական Ադամ Շիֆի եւ Ջորջ Ռադանովիչի, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլենբերգի ջանքերով: