8 դեկտեմբերի 2016 - 10:53 AMT
Շուշիի Վերին մզկիթի վերականգնման նախագիծը պատրաստ է

Ավարտին են հասցվել Շուշի քաղաքի Վերին մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում էին իրանցի մասնագետների կողմից՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով:

Այդ կապակցությամբ դեկտեմբերի 7-ին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության և պարսկական ընկերության միջև ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման ակտ, ըստ որի Շուշի քաղաքի Վերին մզկիթի վերականգնման նախագծային փաստաթղթերը ամբողջական տեսքով հանձնվել են ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Ինչպես նշում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, Շուշիի Վերին մզկիթի վերականգնումը կարևոր նշանակություն ունի Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության առումով, քանի որ ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան, անկախ կրոնական կամ մշակութային պատկանելիությունից, Արցախի ժողովրդի պատմական սեփականությունն է հանդիսանում:

Պարսկական մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, ըստ արցախյան մասնագետների, կատարվել են լիարժեքորեն և համապատասխանում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման բոլոր նորմերին:

Ըստ Շահվերդյանի, մզկիթի վերականգնման նախագծի կազմման համար իրանական ընկերության ընտրությունը պատահական չէր՝ հաշվի առնելով մզկիթի կապը Իրանի մշակույթի ու պատմության հետ:

Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը կազմվել է ՀՀ-ում գործող «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի միջոցներով՝ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությամբ:

Շուշիի պարսկական Վերին Մզկիթը կառուցվել է 1883 թ. իրանացի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով: Ավելի քան 50 տարվա ընթացքում մզկիթը եղել է Շուշիի մահմեդականների հոգևոր կենտրոնը: Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմա-երկրագիտական թանգարանի, որտեղ ցուցադրվում էին յուրահատուկ ցուցադրանմուշներ, այդ թվում` արվեստի գլուխգործոցներ: 1992թ. մայիսին` Շուշիի ազատագրման ռազմագործողության ժամանակ, մզկիթին լուրջ վնաս էր հասցվել: