2 հուլիսի 2007 - 18:10 AMT
Ագոյի խումբը հաստատել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին տված Եվրոպայի Խորհրդի գնահատականը
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի դիտորդական` Ագոյի խմբի ղեկավար, շվեդացի դեսպան Պյեռ Սեգրենի հետ հանդիպմանը հիմնական շեշտը դրվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին Պ.Սեգրենի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, քննարկվել են նաեւ ԵԽ առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման գործընթացը, անցած խորհրդարանական ընտրությունները, Հայաստանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակը: Պ.Սեգրենը եւս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԵԽ տված գնահատականը, հույս հայտնելով, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եւս մի քանի քայլ կարվի արդար եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ: Շվեդացի դիվանագետը նշել է նաեւ, որ այցի գլխավոր նպատակն է անկախ դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ միջոցների քննարկումը: «Անկախ դատական համակարգը կարեւոր պայման է Հայաստանի համար` հասարակության հետագա ժողովրդավարացման համար: Հայաստանի համար դա շատ կարեւոր է: Հայաստանի Սահմանադրության բարեփոխումից հետո հնարավոր է դառնում դատական ճյուղի անջատումը գործադիր եւ օրենսդիր ճյուղերից»,-ասել է Պ.Սեգրենը: Նա նաեւ նշել է, որ Բրյուսելում կստեղծվի դատավորների դպրոց եվրոպացի եւ հայ դատավորների միջեւ փորձի փոխանակման համար: