12 դեկտեմբերի 2016 - 13:07 AMT
«Հանրապետությունը», ՔՊ-ն ու ԼՀԿ-ն ԱԺ ընտրություններին կմասնակցեն դաշինքով

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի 12-ին ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ 3 քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այսինքն` դաշինքով:

Այս ընթացքում երեք քաղաքական ուժերը բանակցելու են կուսակցություն ստեղծելու շուրջ: Իսկ իրենց դաշինքը համալրելու վերաբերյալ դիմումները կքննարկեն համատեղ:

Սասուն Միքայելյանը շնորհավորել է ներկաներին փաստաթղթի ստորագրման առթիվ և հույս հայտնել, որ կկարողանան դուրս բերել ժողովրդին ներկա իրավիճակից՝ առաջնորդելով դեպի քաղաքակիրթ պետություն: Դիմելով ժողովրդին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը կոչ է արել սատարել իրենց, հավատալ, որն էլ կլինի իրենց ապագա հաղթանակի գրավականը:

Արամ Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ սա իրենց կուսակցության համար 3-րդ դաշինքն է, սակայն այն տարբերվում է նախորդներից:

«Այս եռյակն առաջին հերթին ձևավորվել է գաղափարական հենքի վրա: Մենք հուսով ենք, որ ճշգրիտ ու ակտիվ աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ հանրային այնպիսի աջակցություն և մասնակցություն, որը մեզ հնարավորություն կտա իրականություն դարձնել հանրության ցանկություններն ու երազանքները՝ փակելով գործող իշխանության ամոթալի էջը»,- ասել է «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն էլ նշել է, թե բացի հիմնական գործառույթից, պետք է պայքարեն ստի դեմ՝ ընտրողներին ցույց տալով իրենց խնդիրների լուծման ուղին. «Ջանք ու եռանդ չենք խնայելու, որ հայոց պետականությունը վերածենք բարիքի ոչ միայն Հայաստանում ապրող, այլև՝ համայն աշխարհի հայերի համար»:

Հուշագրի տեքստում նշվում է.

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

- հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը,

- գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը,

- ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից,

- ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին,

Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին: Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով:

բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով:

գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:

դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։

ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը»։