4 հուլիսի 2007 - 15:26 AMT
Այսօր Հայաստան է ժամանում ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը
Այսօր Հայաստան է ժամանում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Ինչպես հայտարարել է ԵԽԽՎ ղեկավարը իր այցի նախօրեին, իր այցելության հիմնական նպատակը սառեցված հակամարտությունների կարգավորման ուղիների քննարկումն է, ինչը հանդիսանում է տարածաշրջանի խաղաղ զարգացման միակ միջոցը, որը ելնում է բոլոր ժողովուրդների շահերից: Այցելությունների ընթացքում, հակամարտությունների կարգավորման գործում խորհրդարանական դիվանգիտության դերից բացի, Ռենե վան դեր Լինդենը կքննարկի ընդդիմության, խոսքի ազատության, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության իրավունքներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին եւ առանց սահմանների Եվրոպայի կառուցմանը վերաբերող հարցեր, հայտնում է Եվրախորհրդի Տեղեկատվական գրասենյակը:

Նշենք, որ ԵԽԽՎ նախագահը հուլիսի 5-7 կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 8-10` Ադրբեջան: Հարավկովկասյան երկրներում նա կհանդիպի երեք պետությունների նախագահների, խորհրդարանների եւ կառավարությունների անդամների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ կրոնական առաջնորդների հետ: