14 դեկտեմբերի 2016 - 10:21 AMT
Հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ 60 մմ-ոց ականանետ է կիրառել

Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մոտ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը` «ՍՎԴ» և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից: Բացի հրաձգային զինատեսակներից Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (3 արկ):

Հավատարիմ մնալով ընտրած մարտավարությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին պատասխանելուց և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Առաջնագծի ամբողջ երկայնքով Արցախի զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում արձակել է մոտ 900 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային (Հադրութ) և արևելյան (Մարտունի) պաշտպանական ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառել է նաև ՍՎԴ և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններ (93 կրակոց):