ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պատրաստվում շտապ այցելել տարածաշրջան: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք չենք պատրաստվում շտապ այց կատարել տարածաշրջան»,- ասել է նա:
Նա նշել է, որ Ֆրանսիայից նոր համանախագահը եղել է տարածաշրջանում, բանակցություններ անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
«Եթե դա օգտակար լինի, մենք պատրաստ ենք ցանկացած պահի այցելել տարածաշրջան»,- ասել է նա:
Դեսպանը ևս մեկ անգամ նշել է, որ պաշտոնից հեռանալու է դեկտեմբերի 31-ին, իսկ ԱՄՆ-ից համանախագահի նոր ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի մոտ ժամանակներս:
Ավելի վաղ ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ դեկտեմբերի 31-ին կլքի ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը: