5 հուլիսի 2007 - 19:43 AMT
Թուրքիան ԱՄՆ-ից ոչ մի կոպեկ չի վերցրել, հայտարարել է Աբդուլահ Գյուլը
Թուրքիան ԱՄՆ-ից ոչ մի կոպեկ չի վերցրել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը ի պատասխան ընդդիմության գլխավոր առաջնորդ Դենիզ Բայկալի մեղադրանքին առ այն, որ Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) գումար է ստացել Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ չսկսելու համար: «ԱՄՆ-ն գումար է տրամարդել Պարսից Ծոցում առաջին պատերազմի բոլոր մասնակից երկրներին որպես փոխհատուցում, սակայն Թուրքիան այդ փողերը չի ստացել: Ոչ մի գաղտնի փաստաթուղթ չկա, ամեն բան բաց է»,- ընդգծել է Գյուլը, գրում է Bugun թերթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն էր տարածել 2003 թվականի սեպտեմբրի 22-ին ԱՄՆ-ի հետ ֆինանսավարկային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ եւ հաստատել է, որ ԱՄՆ-ն 1 մլրդ դոլար է հատկացրել Իրաք հարձակումից հրաժարվելու դիմաց: Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն 8,5 մլրդ դոլարի չափով արտոնյալ վարկ է տրամադրել տնտեսական բարեփոխումներին աջակցելու եւ 1 մլրդ դոլար Հյուսիսային Իրաք հարձակումից հրաժարվելու դիմաց: «Ըստ համաձայնության, 1 մլրդ դոլարը Թուրքիային կհատկացվի մասերով: Փաստաթղթում առանձնակի նշվում է, որ եթե Թուրքիան ռազմական ներխուժում ձեռնարկի Հյուսիսային Իրաք, ԱՄՆ-ն կհրաժարվի մնացած գումարի վճարումից: Սակայն Թուրքիան համաձայնագրի ստորագրումից հետո կամավոր հրաժարվեց տնտեսական օգնությունից եւ դադարեցրեց փաստաթղթի համապատասխան հոդվածի գործողությունը: Այդ տեսակետից տվյալ համաձայնագիրը չի նշանակում, թե Թուրքիան ինչ-որ պարտավորություններ է ստանձնել ԱՄՆ-ի առջեւ: Այն ժամանակ Թուրքիայի կողմից 1 մլրդ դոլարից հրաժարվելու մասին հայտարարել էր հանրությանը երկրի գանձապետարանը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: