2016-ի մայիսին ՀՀ կառավարության որոշմամբ կրճատվեց սպասարկող ծառայողական մեքենաների թիվը: Արդյունքում Գործադիրի հուլիսի 21-ի որոշմամբ կրճատվեց նաև 142 ծառայողական ավտոմեքենայի երկրորդ կիսամյակի պահպանման ծախսը՝ մոտ 91 մլն դրամով:
PanARMENIAN.Net-ը հարցում է ուղարկել ՀՀ ֆինանսենրի նախարարություն՝ պարզելով՝ որքանով է ծառայողական ավտոպարկի օպտիմալացումն անդրադարձել 2017-ի պետբյուջեով նախատեսված ծախսերի վրա:
Ի պատասխան ֆիննախի աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը հայտնել է, որ կառավարության աշխատակազմի, կառավարությանն առընթեր մարմինների և նախարարությունների պահպանման ծախսերում տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը 2016թ. պետական բյուջեով ծրագրվել էր մոտ 855 մլն դրամի չափով:
«Սակայն ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի N 758-Ն որոշմամբ կրճատվել է 142 ծառայողական ավտոմեքենայի երկրորդ կիսամյակի պահպանման ծախսը՝ մոտ 91 մլն դրամով»,- ասել է նա՝ նշելով, որ համապատասխան նվազեցումները հաշվի են առնվել նաև ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում պահպանման ծախսերը ծրագրավորելիս:
«Նույն նպատակի համար 2017 թվականին ծրագրավորվել է մոտ 620.8 մլն դրամ»,- նշել է Գևորգյանը:
2016-ի մայիսի 12-ի նիստում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ թեև կա հաստատված բյուջե, պետք է անցնել խնայողության առավել խիստ ռեժիմի.«Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»: