17 դեկտեմբերի 2016 - 13:07 AMT
London Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Անանդի հետ, 7 տուրից հետո կիսում է 5-7-րդ տեղերը

Դեկտեմբերի 16-ին տեղի են ունեցել London Chess Classic մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները, որում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

30-րդ քայլում գրոսմայստերները համաձայնվել են ոչ ոքի արդյունքի: Տուրում միակ հաղթանակը տոնել է Հիկարու Նակամուրան. վերջինս առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ:

Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն ոչ ոքի է խաղացել Վլադիմիր Կրամնիկի հետ և պահպանել առաջատարի դիրքերը: Երկրորդ հորիզոնականում ընթացող Ֆաբիանո Կարուանան ոչ ոքի է խաղացել Մայքլ Ադամսի հետ:

Երեք անընդմեջ պարտությունից հետո Վեսելին Թոփալովը կարողացել է ոչ ոքի արդյունքի հասնել Անիշ Գիրիի հետ դիմակայությունում, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո գլխավորում է Ուեսլի Սոն, երկրորդ տեղում է Ֆաբիանո Կարուանան, 3-4-րդ տեղերը կիսում են Վլադիմիր Կրամնիկն ու Հիկարու Նակամուրան: Արոնյանը կիսում է 5-7-րդ տեղերը Վիշվանաթան Անանդի, Անիշ Գիրի հետ: Վերջին տեղը զբաղացնում է Վեսելին Տոպալովը:

8-րդ տուրի զույգերն են՝ Նակամուրա – Արոնյան, Թոփալով – Անանդ,Կարուանա – Ուեսլի Սո, Կրամնիկ – Գիրի, Վաշիե-Լագրավ – Ադամս: