9 հուլիսի 2007 - 16:24 AMT
Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը իսլամական ծայրահեղականությունն է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել եվրոպացիներին պաշտպանել սեփական արժեքները, հիշեցրել է քրիստոնեական սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, նշել է, թե որտեղից է գալիս անվտանգության սպառնալիքը Եվրոպայում եւ աշխարհում:

Անգելա Մերկելը կոչ է արել եվրոպական երկրների քաղաքացիներին վճռականորեն պաշտպանել հիմնական արժեքները իսլամական ծայրահեղականության սպառնալիքից: Մարդու կերպարի քրիստոնեական մեկնաբանությունը պետք է դառնա ունիվերսալ սկզբունք, որի ազդեցությունը չի ավարտվում Եվրոպայի սահմանների հետ: Գլխավոր սպառնալիքը իսլամական ծայրահեղականությունն է: Որպես ժողովրդավարության թշնամու օրինակ Գերմանիայի կանցլերը նշել է Իրանը, ընդգծելով, որ Թեհրանի Հոլոքոսթը ժխտելու փորձերը եւ Իսրայելը ոչնչացնելու Ահմադինեժադի սպառնալիքները պետք է արժանի հակահարված ստանան եվրոպացիների կողմից:

Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը միայն տնտեսական հանրություն չէ: «Եվրոպական Միությունը հարկավոր է մեզ որպես արժեքների ընդհանրություն: Անձնապես ինձ համար հանդուրժողականությունն է Եվրոպայի հոգին: Հենց հանդուրժողականությունն է պետք պաշտպանել ծայրահեղականներից»,-ասել է նա, հաղորդում է Deutsche Welle-ն: