ԱՄՆ ընտրիչների կոլեգիան պաշտոնապես նախագահ է ընտրել հանրապետական Դոնալդ Թրամփին: Կոլեգիայի ավելի քան 270 անդամ քվեարկել է Թրամփի օգտին` դա անհրաժեշտ նվազագույն ցուցանիշն է ընտրություններում հաղթսղ ճանաչվելու համար, գրում է BBC-ին:
Թրամփը հաղթել է Տեխասից ընտրիչների քվեարկության շնորհիվ: Նահանգում 38 ընտրիչ կա, որից 36-ն իր ձայնը տվել է Թրամփին: Եվս 2-ը քվեարկել է Հանրապետական կուսակցության այլ անդամների` Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկի, և Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ռոն Փոլի օգտին:
Առաջինը Թրամփին հաղթանակի առթիվ շնորհավորել է ԱՄՆ ապագա փոխնախագահ Մայք Փենսը:
Քվեարկությունն անցնում էր Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Ընտրիչներից շատերին խորհուրդ էին տալիս իրենց ձայները տալ այլ թեկնածուի:
Ընտրիչների կոլեգիան 538 անդամ ունի: Տարբեր նահանգներից ընտրիչների թիվը տարբերվում է, ըստ բնակչության քանակի: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ճանաչել է պարտությունը, թեև նրա օգտին ընտրողների ավելի մեծ քանակ էր քվեարկել: