
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«Բոստոնի լաբիրինթոս» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսը, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձանը և քաղաքի համայնապատկերը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնում:
«Վաալսի լաբիրինթոս» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Հուշադրամի կենտրոնում պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, իսկ ներքևի հատվածում՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի սահմանների հատումը խորհրդանշող հուշարձան:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնում:
Հուշադրամները պարունակում են գնդակ, որոնք տեղաշարժվում են լաբիրինթոսի ճանապարհներով:
Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում: